2020թ.-ի ծրագրերը և անելիքները` ըստ Արսեն Թորոսյանի
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ընթացիկ տարվա անելիքների և ծրագրերի ցանկ։
- Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նոր մարզային հիվանդանոցի շենքերի կառուցման նպատակով մշակվել է տիպարային նախագիծ, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել նմանատիպ այլ բժշկական կազմակերպություններ նախագծելու համար։
Գարնանը կմեկնարկեն Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ - Մարտունու ԲԿ-ի հեմոդիալիզի ծառայությունը արդեն իսկ սկսել է իր աշխատանքը՝ հնարավորություն ընձեռնելով Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների շուրջ 25-30 պացիենտներին իրենց բնակավայրերին մոտ ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։
- 2020թ. Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգների ծրագիրը շարունակվելու է և իր մեջ նախատեսում է ընդգրկել շուրջ 300,000 բնակչության: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 2020թ. նախատեսվում է ընդգրկել շուրջ 66,000 կին, իսկ հղիության ընթացքի վերահսկման նպատակով նախատեսվում է 2020թ. իրականացնել շուրջ 17,000 հետազոտություն:
- Այս տարի աշխատանքներ պետք է տարվեն բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ներդնել նաև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» ԲԿ-ներում:
- Ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը: 2020թ.արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայության մասով պետական պատվեր է տեղադրվել 4 բժշկական կազմակերպությունում, ընդ որում 1-ը` Երևանում, մնացածը Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում: 2020թ. ընթացքում նախատեսվում է պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ ծավալել ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» (թվով 10` ուռուցքային և արյան հիվանդություններով երեխաների պալիատիվ բուժօգնության համար) և ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
- Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային թերապիա Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, աշխատանք կտարվի դեղատներում Տրաստուզումաբ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցող հիվանդներին, որոնք ընդգրկված չեն պետական ծրագրում, բարձրացնելու թիրախային բուժման հասանելիությունը:
- Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից. քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի արտոնյալ պայմաններով` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
- Եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ, 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան կտրամադրվի ինսուլին դեղերը:
- 2020 թվականից ՀՀ-ում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 43 երեխաների` յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան կտրամադրվեն աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով:
- 2020-ից Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 պացիենտներ կբուժվեն հակավիրուսային նորագույն դեղերով պետական պատվերի շրջանակներում:
- Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան պացիենտներին:
- Ներդրվել է ֆինանսական փոխհատուցման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի արդյունքում «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագիր:
- Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաներն ախտորոշման ճշտման նպատակով կարող են հիվանդանոցային նեղ մասնագիտացված կենտրոններում անցնել ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն` համապատասխան ուղեգրի առկայության դեպքում:
- Ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում հիվանդանոց դիմած անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն անհրաժեշտություն շուրջօրյա հսկողության, կսպասարկվեն ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության (emergency) կողմից պետական պատվերի շրջանակներում:
- Մեկնարկել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սքրինինգի ծրագիրը: Թվով 50 մանկաբարձական ծառայություն իրականացնող կազմակերպություններում տեղադրվել է պետական պատվեր: Արդյունքում` կկանխվի երեխաների մոտ կոնքազդրային հոդախախտի ուշ հայտնաբերումը և հիվանդության ծանր ընթացքը:
- Առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը (Երևանում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա և Գյումրիում` Բեռլին պոլիկլինիկա):
- Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել նորագույն բժշկական սարքեր (ՄՌՏ, ԿՏ, նեյրոնավիգատոր, մանրադիտակ և այլն) և հատկացվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Չարենցավանի բժշկական կենտրոններին:
- Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի մարտ ամսին: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն:
- Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայութունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնք բաշխվել են բոլոր գյուղական բուժակ-մանկաբարձական կետերին։
- Արցախին հատկացվելու է 10 նոր շտապօգնության մեքենա: Մեքենաները գնվել են պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին: